Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահն ամփոփեց 2016-ը: Նրա 12-րդ տարեկան ամփոփիչ ասուլիսը տևեց 3 ժամ 50 րոպե, պատասխանեց 62 հարցի: Անցյալ տարի ՌԴ նախագահի շփումը լրագրողների հետ 3 ժամ 10 րոպե տևեց և Պուտինը պատասխանեց 47 հարցի: Ըստ այս ասուլիսի՝ Հայաստանը Պուտինի «քարտեզի» վրա չկար՝ նրան ոչինչ չհարցրին, նա էլ չպատասխանեց: 11 տարի գտնվում էին հայ կամ ադրբեջանցի լրագրողներ, որ հարցնում էին ԼՂՀ-ի, ռուս-հայկական, ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին: Այս տարի՝ ոչ: Հայաստանը հիշատակվեց միայն «Мир»-ի լրագրող Իլոնա Լինարտի հարցում՝ «Մեզ համար արդիական է ԵԱՏՄ-ի թեման, որտեղ պարադոքս կա՝ մասնակիցների մի մասի համար դա շահեկան է, մյուսների համար շահեկան չէ:
Օրինակ՝ Հայաստանը կարողացավ մեծացնել գյուղմթերքների արտահանումը, իսկ Ղրղզստանը՝ հակառակը, այնտեղ ֆերմերները սնանկանում են»: Պատասխանի մեջ Հայաստանը չկար: Հայ լրագրողներ կային՝ օրինակ, Արմինե Հայրապետյանը «Кавказ сегодня», Պյատիգորսկից, հարցրեց` հնարավոր չէ՞ ԶԼՄ-ներում արգելել ԻՊ-ի հիշատակումը, պատասխանը միանշանակ էր՝ «Ինչպե՞ս արգելել»: Տատյանա Մելիքյանին Lenta.ru.-ից հետաքրքրում էին կեղծ հայրենասիրության բռնկումները:
Հարցերը հիմնականում տարեցտարի կրկնվում են (արտաքին քաղաքականություն, արդյունաբերություն, ռուբլու արժեզրկում, նավթի ու գազի գներ, գյուղատնտեսություն, կոռուպցիա, կրթություն, առողջապահություն, բնապահպանություն, սոցիալական հարցեր, դոպինգ սկանդալներ և հաքերային սկանդալներ և այլն), հավելվում են միջազգային ասպարեզի նորությունների մեկնաբանության խնդրանքները: Տարեցտարի Պուտինին նաև խնդրում են զբաղվել կոնկրետ մարդկանց ճակատագրով, որ որևէ այլ ատյանում արդարություն չեն գտել:
Հարցեր եղան և ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ, և ՌԴ-ԵՄ, ՌԴ-Թուրքիա: Որևէ սենսացիոն հայտարարություն այս տարի ՌԴ նախագահը չարեց, նա ոտքից գլուխ քաղաքավարություն էր, համբերություն ու ներողամտություն: Տհաճ հարցեր, իհարկե, եղան, բայց բոլոր հարցերին նա պատասխանում էր նույն տոնով՝ առանց զայրույթի, անզիջում, հոգնած մի քիչ ու գուցե նաև ձանձրացած, որ նույն հարցերը կրկնվում են: ԱՄՆ ընտրված նախագահի հետ հանդիպմանը վերաբերող հարցին նա պատասխանեց. «Ես կհանդիպեմ Թրամփի հետ, երբ նա ավարտի իր թիմի ձևավորումը: Իսկ մեր առաջին հանդիպման հիմնական հարցը կլինի մեր երկրների հարաբերությունների կարգավորումը»։ Նաև ասաց՝ «Թրամփի հաղթանակին ոչ ոք չէր հավատում, միայն մենք»: Պարզվեց՝ եթե Թրամփը Պուտինին հրավիրի ԱՄՆ, նա «հրավերը կընդունի»։ Սպառազինության մրցավազքի մասին հարցին նա պատասխանեց, որ մրցավազքը սկսել է ԱՄՆ-ը, իսկ Ռուսաստանն ընդամենը բարելավել է իր բանակի վիճակը։ Նա կրկնեց, որ «Ռուսաստանն ուժեղ է ցանկացած ագրեսորից», ընդգծելով՝ «այսօր ԱՄՆ բանակն է ամենաուժեղը»։
Եվրամիության հետ հարաբերությունների մասին ասվեց, որ Ռուսաստանին անհրաժեշտ է «ուժեղ և անկախ» գործընկեր: Անկախ ասելով նա նկատի ուներ՝ ԱՄՆ-ից անկախ: ՌԴ նախագահն անդրադարձավ նաև սիրիական հարցին ու «Հալեպի ազատագրմանը», ասելով, որ մեծ դեր են ունեցել Իրանի և Թուրքիայի նախագահները, սակայն, «առանց Ռուսաստանի, ազատագրումը հնարավոր չէր լինի»։ Հալեպից իրականացված տարհանումը խոշորագույն միջազգային մարդասիրական ակցիա որակվեց. «Մենք կազմակերպեցինք և հազարներով, տասնյակ հազարներով դուրս բերեցինք մարդկանց` ոչ միայն արմատականորեն տրամադրված զինված խմբավորումներին ու նրանց ներկայացուցիչներին, այլև կանանց ու երեխաներին: Խոսքը 100 հազարից ավելի մարդկանց մասին է, որոնք դուրս բերվեցին Հալեպից»:
Բնականաբար՝ հարց հնչեց Թուրքիայի հետ հարաբերությունների ու Անկարայում սպանված ՌԴ դեսպանի մասին: «Դեսպանի սպանությունն առաջին հերթին Ռուսաստանի դեմ հարձակում էր։ Անկեղծ ասած՝ ես թերահավատ էի վերաբերվում թեզիսին, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է առանց ամենաբարձր ղեկավարության հրամանի։ Բայց հիմա ակնհայտ է, որ ամեն ինչ հնարավոր է։ Ապակառուցողաական տարրերը ներթափանցել են Թուրքիայի իշխանության ամենավերին օղակներ և ուժային գերատեսչություններ»՝ պատասխանեց Պուտինը: ՈՒկրաինայի վերաբերյալ հարցին ևս տրվեց ավանդական պատասխան:
«Коммерсант»-ի վերլուծաբան Անդրեյ Կոլեսնիկովը ՌԴ նախագահին 2 հարց տվեց.
«Ինչո՞ւ Դուք պետք է 2018-ին անպայման դառնաք ՌԴ նախագահ» և «Ինչո՞ւ Դուք չպետք է 2018-ին դառնաք ՌԴ նախագահ»։ «Պատասխանը ստանդարտ կլինի։ Ժամանակը կգա, ես կնայեմ, թե ինչ է կատարվում աշխարհում, երկրում և հաշվի առնելով, թե ինչ ենք մենք արել ու ինչ կա անելու` որոշում կկայացվի իմ մասնակցության վերաբերյալ»,- ասաց Վլադիմիր Պուտինը։ 2012-ին նույն հարցին նա պատասխանել էր. «Չգիտեմ՝ ուզո՞ւմ եմ ես 24 տարի», 2013-ին՝ «Չեմ բացառում», 2014-ին՝ «Իմ նոր առաջադրման հնարավորություն կա», 2015-ին՝ «Դա կախված կլինի երկրում ու աշխարհում կոնկրետ իրավիճակից և իմ անձնական տրամադրությունից», 2016-ի ապրիլին՝ «Կարծում եմ՝ այդ մասին վաղ է խոսել: Կախված է իրավիճակից և աշխատանքի ընթացքից», 2016-ի սեպտեմբերին՝ «Հիմա արդեն մենք աշխատում ենք 2018-ից հետո տնտեսության զարգացման ռազմավարության վրա», 2016-ի դեկտեմբերին՝ «Ժամանակը հասունանում է»: «Հասարակական կարծիք» հիմնադրամի դեկտեմբերի 11-ին անցկացրած հարցման տվյալներով՝ եթե նախագահական ընտրությունները հաջորդ կիրակի լինեին, Վլադիմիր Պուտինին կընտրեր ռուսաստանցիների 66 %-ը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հետաքրքիր էր Խոշավի Մուհամեդի հարցը «Քուրդիստան 24» հեռուստաալիքից՝ քրդերը մեծ դեր են խաղացել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, Ռուսաստանն այսօր կարևոր ու մեծ դեր է խաղում աշխարհում ու հատկապես Մերձավոր Արևելքում: Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում փաստին, որ Իրաքի Քրդստանի քրդերը անկախության ճանապարհն են բռնել: ՌԴ նախագահը պատասխանեց. «Մենք Ռուսաստանում միշտ լավ, առանձնահատուկ հարաբերություններ ենք ունեցել քուրդ ժողովրդի հետ: Քուրդ ժողովուրդը սեփական շատ բարդ ճակատագիր ունի: Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում հիմա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Կարող եմ հաստատել ու արձանագրել, որ քրդական զինյալ խմբերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում իրենց քաջաբար են դրսևորում ու արդյունավետ են կռվում: Ինչ վերաբերում է այս կամ այն պետության, այս կամ այն մասի ինքնորոշման ու անկախության հարցերին, մենք միշտ գործելու ենք միջազգային իրավունքի շրջանակներում, ի վերջո քուրդ ժողովրդի օրինական իրավունքները պետք է ապահովվեն: Բայց ինչ ձևով և ինչպես դա կարվի, կախված է Իրաքից և քուրդ ժողովրդից: Մենք մինչև հիմա կապի մեջ ենք եղել և կապի մեջ ենք լինելու և Բաղդադի, և Էրբիլի հետ, բայց մենք չենք պատրաստվում միջամտել իրաքյան ներքին գործընթացներին»:
Սկանդալային էր Սանկտ Պետերբուրգից Եկատերինա Վինոկուրովայի հարցը Znak.com.-ից՝ «Ես մշտապես հետևում եմ Ձեր ելույթներին, ուշադիր լսեցի Ձեր ուղերձը: Դուք շատ ճիշտ, բարի ու լավ ելույթներ եք ունենում, Ձեզ հետ հնարավոր չէ չհամաձայնել: Բայց հենց հաջորդ օրը ամեն ինչ գնում է ուղիղ հակառակ ուղղությամբ»: Պուտինը նրան ընդհատեց. «Ամեն ի՞նչ: Հնարավոր չէ: Ամեն ինչ գնում է, չի գնում՝ շատ արմատական է ասված»: Եկատերինա Վինոկուրովան պատասխանեց, որ օրինակներ կբերի, շարեց չորս կոնկրետ դեպք ու եզրակացրեց. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ձեր էլիտան Ձեզ փաստորեն մարտահրավեր է նետում: Նրանք Ձեզ գլխով են անում, ասում են՝ որքան Դուք հզոր եք, հրաշալի ու հիասքանչ ու վերջ…»: Պուտինը նրան նորից ընդհատեց. «Լավ, լավ…»: Ի վերջո Վինոկուրովան ձևակերպեց. «Հարցս շատ պարզ է, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ եք Դուք ասում մի բան, իսկ գործնականում մենք հաճախ տեսնում ենք հակառակը: Դա սողացող պետական հեղաշրջո՞ւմ է»: ՈՒ նա նորից օրինակներ շարեց «իրավապահների սադիստական շեղումների մասին» ու խնդրեց. «Օգնեք, մենք պետք է փրկենք մարդկանց»: Պուտինի պատասխանը ընդարձակ էր, բայց առանց կոնկրետության: Նա պարզապես կոչ արեց կոռեկտ լինել, որովհետև ծայրահեղ հայացքները արմատական արձագանք են ունենում:
Եվ, իհարկե, հարց հնչեց Իրկուտսկի սարսափազդու լոսյոնի մասին: Պուտինը պատասխանեց. «Իրկուտսկում կատարվողը սարսափելի ողբերգություն է, խոսքեր չկան, ահավոր է, վերահսկող և մյուս կառույցները, որ պիտի հետևեին, չեն կանխել այդ ողբերգությունը»: Պուտինը բացատրեց՝ ինչ է կատարվել՝ այլ պետության մի քանի քաղաքացիներ ձեռնարկել են լողատաշտերը մաքրելու հեղուկի արտադրություն, որի մեջ օգտագործվում է սպիրտ, որը թունավոր չէ: Այդ խմբից մեկը որոշել է առանձին փող աշխատել և չհասկանալով՝ ինչ է անում, տեխնիկական սպիրտ է հայթայթել ու օգտագործել լոսյոնի արտադրության մեջ: Հարբեցողության դեմ պայքարը նա առաջարկել է կազմակերպել համակարգված՝ գուցե ինքն էլ չհավատալով այդ պայքարի հաջողությանը: Ահա այսպես: «Հաջողություն ձեզ»՝ ՌԴ նախագահի ասուլիսի վերջին բառերն էին: